Սեուլը ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի երկխոսության մոտալուտ մեկնարկ է ակնկալում
Կորեայի Հանրապետությունը հուսով է, որ մոտ ժամանակներս կառուցողական երկխոսություն կսկսվի ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ: Այդ մասին Սեուլում կայացած բրիֆինգում հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պեկ Տե Հյունը:
«Հուսով ենք, որ Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի միջեւ կառոցողական բանակցությունները կսկսվեն պատշաճ հնարավորության դեպքում»,- նշել է նա: Նախարարության ներկայացուցիչն այս կերպ է մեկնաբանել Վաշինգտոնի հետ երկխոսություն սկսելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ հաղորդումները:
Հարավային Կորեա այցելած ԿԺԴՀ-ի պատվիրակությունը նախօրյակին համաձայնել է զուգահեռաբար հարաբերություններ զարգացնել Սեուլի եւ Վաշինգտոնի հետ: Ինչպես փետրվարի 25-ին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը, ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել նախագահ Մուն Չժե Ինի հետ, որի ընթացքում քննարկել են նաեւ կորեական թերակղզու իրադրությունը:
Կորեայի Հանրապետության նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջեւ երկխոսությունը՝ երկկողմ հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզու խնդիրների արմատական լուծման նպատակով, պետք է սկսվի հնարավորինս շուտ:
Ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները «համաձայնել են, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է զարգանան Փհենյանի եւ Սեուլի փոխհարաբերություններին զուգահեռ», եւ որ Հյուսիսը «մտադիր է երկխոսել ԱՄՆ-ի հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: