
Վեց մարդ է տուժել Լեսթերում տեղի ունեցած պայթյունից

Առնվազն վեց մարդ է տուժել փետրվարի 25-ի երեկոյան անգլիական Լեսթերի ոչ մեծ պարենային խանութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով: Այս տեղեկատվությունը քաղաքի բժշկական ծառայությունը զետեղել է Twitter-ի իր էջում։
«Արտակարգ պատահարի վայրից վեց մարդ է հասցվել Լեսթերի Թագավորական հիվանդանոց»,- ասված է հաղորդագրության մեջ: Բժիշկների խոսքով՝ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է օրհասական: Ինչպես ավելի վաղ հայտնել է Daily Mail թերթը, պայթյունի հետեւանքով ավերվել է երկհարկանի շենքը, որի առաջին հարկում գտնվում էր խանութը:
Հրատարակությունը լուսանկարեր ու տեսագրություններ է հրապարակել արտակարգ պատահարի վայրից, որոնցում երեւում է այնտեղ մոլեգնող հրդեհը: Ներկա պահին հայտնի չէ, թե արտակարգ պատահարի ժամանակ քանի մարդ կարող էր լինել խանութում կամ դրա վրա գտնվող բնակարաններում: Ինչպես տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների, հետաքննության նախնական տվյալները չեն վկայում, որ տեղի ունեցած ահաբեկչություն է եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: