
Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման արարողությանը

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 24-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների, նորակոչիկների հարազատների հետ մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով նորակոչիկներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:
«Դուք այսօրվանից անվտանգության կրողներից դառնում եք անվտանգության երաշխավորներ ողջ պետության ու հասարակության համար: Դուք մեկ քայլ առաջ եք կատարել ձեր հասակակիցներից, կայացրել եք բարդ որոշում, իսկ նման որոշում կայացնելը միշտ տարբերում է առաջնորդին, գերազանցիկին ու հաջողակ մարդուն միջակությունից: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն, ոգու հաղթանակ, հաղթանակ ձեր բոլոր մտահոգությունների նկատմամբ, հաղթանակ, որը ձեր մտերիմներին ու հարազատներին ևս մեկ անգամ կապացուցի, որ ձեր ընտրությունը ճիշտ էր և իմաստավորված»,-նշել է Վիգեն Սարգսյանը:
Երդման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ: