«Նիկոյանը Մարտի 1-ի պատասխանատուներից մեկն է». ՀԱԿ անդամը՝ Սամվել Նիկոյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղած մեղադրանքների մասին

«Մարտի 1-ի հետ կապած իրավիճակի փոփոխություն տեղի կունենա, երբ իշխանությունն իրավապահ մարմինների հետ նման ցանկություն ունենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների մասին:

Նրա խոսքով՝ ամեն ինչ բացահայտված է և պարզ է. «Միայն հրաման տվողների անունները պետք է հրապարակվեն, իսկ դա կկատարվի այն ժամանակ, երբ իշխանությունը նման ցանկություն ունենա»:

Խոսելով խորհրդարանական լսումների մասին՝ Վ. Խաչատրյանն ասաց, որ բնական է համարում այն, ինչ արվել է. «Ի վերջո, մարտի 1-ը մոտենում է, դրա հետ կապված հիշողությունները թարմացվում են: Մի խնդիր կա, որ պետք է կարողանանք ոչ միայն մարտի 1-ի օրվա շրջանակներում այդ հարցը քննարկել, այլ՝ տարվա ընթացքում էլ, պետք է միշտ կարողանանք այդ հարցն օրակարգում պահել, որպեսզի դատական ատյանները նորից վերսկսեն այդ քննարկումը, որ փակվի այդ էջը՝ արադարացի վճիռ կայացվելով: Այսինքն՝ այն, ինչ կատարվում է, ես բնական եմ համարում: Ես չեմ ուզում ասել, որ դա հենց այնպես է արվում, դա արվում է նրա համար, որ, իսկապես, հնարավոր է՝ այս ընթացքում էլ նոր բաներ հայտնաբերվեն, ինչ-որ նորություններ լինեն»:

Նա նկատեց, որ իշխանությունը փորձում է մեղավորության ուղղությունը փոխել՝ դեպի հանրահավաքի մասնակիցներ, ընտրությունից դժգոհողներ. «Բայց դա չի կարող այն արժեքը ստանալ, որ իրենք են ուզում, որովհետև մենք բոլորս գիտենք՝ ինչի հետ է կապված եղել դա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը չմասնակցեց խորհրդարանական լսումներին: Ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասաց. «Մենք մեր ասելիքն ասել ենք, մենք մեր անելիքն անում ենք, պարտադիր չէ, որ ամեն տեղ մենք ներկայացված լինենք ու այնտեղ նորից մեր խոսքը հնչեցնենք: Ովքեր որ խոսում էին, համարեք էլի ՀԱԿ, համարեք շարժման մասնակիցներ, մեզնից մեկը, որ գնացել է այնտեղ ու ելույթ է ունեցել: Ամենակարևորն այն է, որ ամենօրյա մեր առօրյայում Մարտի 1-ի դեպքերի հետ կապված մի օգտակար քայլ անենք»:

Հիշեցնենք, որ Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկվա լսումներին մեղադրեց https://168.am/2018/02/24/912963.html Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր խոստումը չկատարելու մեջ. «Առաջին նախագահին՝ Դուք միտինգների ժամանակ հայտարարում էիք՝ էլ ինձնից բացի՝ թող ոչ մի զոհ չպահանջվի, և ժողովրդին վստահություն էիք ներշնչում՝ նրանց ապահովության և ամեն ինչի մասին, բայց երբ մարտի 1-2-ի օրը հարյուր-հազարավոր մարդիկ գտնվում էին այնտեղ լարված վիճակում՝ վիրավորված, կատաղած, զայրացած, և պետք էր առաջնորդ, որ այդ մարդկանց ղեկավարեր, հայտարարվեց, որ՝ «իմ անվտանգությունն ապահովված չէ, այդ իսկ պատճառով չեմ գա»: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց անվտանգությունն էլ ապահոված չէ, չէ՞ որ ամբողջ մի իշխանություն այնտեղ էր: Մի ամբողջ իշխանություն այնտեղ էին՝ նախագահ, վարչապետ, ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգություն, մի ամբողջ իշխանություն այնտեղ էր, բա չգիտեի՞ք՝ իշխանության քայլերն ինչ էին լինելու»։

Վ. Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել Ս. Նիկոյանի ասածները. «Նիկոյանի ասածները ես ո՛չ մեկնաբանելու ցանկություն, ո՛չ էլ՝ արժի, ինքն այն մարդը չէ, որ ես իր ասածները մեկնաբանեմ: Նիկոյանը պատասխանատուներից մեկն է, ինքն այդ ԱԺ-ի պատգամավորներից մեկն է եղել, Նիկոյանը թող իր մասին մտածի, թող ուրիշների մասին չմտածի, թող ինքն իր գնահատականը տա, թե ինքը ո՞նց արեց, որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ: Ինքն այդ իշխանության թիմի անդամ է եղել, մինչև ուրիշին մեղադրելը, նախ՝ ինքը թող իր մեղավորությունն ընդունի, և հետո ուրիշ տեղեր մեղավորներ փնտրի: Փաստ է, որ այն իշխանության հրամանով, որին ներկայացնում է Նիկոյանը, սպանվել է 10 մարդ»:

Տեսանյութեր

Լրահոս