Հայկական «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև հնդկական դպրոցներում
«Ինստիգեյթ» ընկերության տնօրեն, ԻՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի ժամանակ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Հնդկաստանի Lexicon PR management service-ի գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի՝ հայկական «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև հնդկական դպրոցներում։
«Մենք ներգրավված ենք Հայաստանում «ԱրՄաթ» լաբորատորիաների ընդլայնմանը, մեր ծրագիրն է՝ ամեն դասարանի կողքին ունենալ լաբորատորիա։ Այս պահին դրանք ընդամենը 220-ն են, այնինչ պետք է լինեին 500-ից ավելի։ Ու քանի որ այս ներդրման տեմպերը Հայաստանում դանդաղեցին, պակասեց պետության կողմից տրվող միջոցները, մենք որոշեցինք, որպես ուղղություն, փորձել արտահանել այս ապրանքը և դրանով նաև գումար ներգրավել։
Բացի այդ՝ լավ կապեր ստեղծել նաև ուրիշ երկրների հետ, որովհետև կրթական արտադրանքը մեծ բարեկամություն է ստեղծում։Մենք գնացինք Ուգանդա, Եթովպիա և Հնդկաստան․ երեք երկրներն էլ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին այդ լուծման հանդեպ։ Կառավարությունների կողմից մեծ հետաքրքրություն կա»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ այդ միջոցները կօգնեն Հայաստանում շարունակել ծրագրի զարգացումը և իրենց ծրագրերը հասցնել ավարտին։
«Մեր նոր սերունդը՝ մոտ 5000 հոգի, որ հաճախում են «ԱրՄաթ» աշխատանոցները, արդեն մեկ ուրիշ տեսակի սերունդ է։ Նրանց աշխատանքները տեսնելով՝ արդեն հասկանում ես՝ ինչ ապագա է սպասվում Հայաստանին»,- նշեց նա։
Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանն էլ ասաց, որ «ԱրՄաթ» լաբորատորիաների հաջողությունը ցույց է տալիս, որ ԻՏՁՄ-ն կարող է առաջարկել համաշխարհային մրցունակ ուսուցողական և կրթական ծրագրեր, որոնք ունեն մեծ պահանջարկ. «Դրա արդյունքը հնդկական իշխանությունների հետ կնքված համագործակցության հուշագիրն էր»։