Բաժիններ՝

«2005 թվականից երազել ենք այս մասին». WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում

Փետրվարի 19-21-ը Հնդկաստանում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology-WCIT) ավարտին Հնդկաստանն էստաֆետը փոխանցել է Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Հնդկաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին հայկական պատվիրակության անդամները մանրամասներ ներկայացրին Հնդկաստանում կայացած համաժողովի և Հայաստանում սպասվող խոշոր միջոցառման մասին:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն առանձնացրեց  հայկական կողմի հաջողություններից մի քանիսը. «Մենք կարողացանք պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ՝ «ԱրՄաթ» լաբորատորիաները հնդկական դպրոցներում ներդնելու վերաբերյալ։ Դրանից շատ ոգևորված ենք, որովհետև Հնդկաստանում IT ոլորտը շատ զարգացած է։ Պայմանագիրն իր մեջ ներառում է փուլեր, առաջին փուլը պիլոտ է, որի արդյունքները նրանք կտեսնեն, և հետագայում լաբորատորիաները կընդլայնվեն՝ մինչև 300, հետագայում՝ մինչև 3000։ Հնարավոր է՝ դրանից հետո էլ շարունակենք։ Դրանից բացի՝ այդ համաժողովի նախագահի մրցանակը ստացանք, որը շահեց «Թումո» ընկերությունը։ Նաև ստանձնեցինք 2019թ. համաժողովը Հայաստանում անցկացնելու պարտավորությունը»։

Նրա խոսքով՝ համաժողովի ժամանակ աշխարհի շատ հայտնի ընկերությունների ղեկավարներ էին ներկա. «Տեսնելով, թե ինչպես է Հնդկաստանը պատրաստվել, հասկացանք, որ 2019թ. բավականին մեծ աշխատանք ունենք անելու, և սա մեզ համար շատ կարևոր միջոցառում է լինելու։ Եթե այդ բոլոր ընկերությունների տնօրենները ժամանեն Հայաստան, մենք ունենք շատ մեծ հնարավորություն՝ իրենց ցուցադրելու մեր երկրի պոտենցիալը և ներդրումներ ներգրավելու Հայաստանում»։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նախ նշեց, որ ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն այս տարի ընտրվել է WITSA տնօրենների խորհրդի անդամ՝ նկատելով, որ սա կարևոր մեսիջ էր IT համաշխարհային համայնքին։

Կարդացեք նաև

«2004թ. մենք դարձել ենք այս կազմակերպության անդամ, իսկ 2005թ. երազել ենք, թե երբ ենք Հայաստան բերելու, և միշտ զգացել ենք, որ պատրաստ չենք։ 3-4 տարի առաջ դիմեցինք, և ստացանք Երևանում անցկացնելու իրավունք, բայց քանի որ միջոցառումն իր մասնակիցների և ծավալի առումով Հայաստանում ոչ մի նախադեպ չի ունեցել. պատկերացրեք՝ 2500 խոշոր ընկերությունների տնօրեններ, համալսարանների ղեկավարներ և այլք, և այդ ամենի տեղակայման, ճիշտ օրակարգի, տեղափոխման կազմակերպումը, մեզ լուրջ ուսումնասիրություն էր պետք, և մեր թիմի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ կարող ենք լավագույն կոնգրեսը կազմակերպել։ Խոշոր երկրները մեծ ներքին ռեսուրս ունեն, մենք չունենք այդ ռեսուրսը, և ամբողջ աշխարհին հավասարաչափ կներգրավենք»,- ընդգծեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա Վարդանյանն ասաց, որ միջոցառման կազմակերպման համար մի քանի միլիոն դոլար կպահանջվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս