
Amazon ստեղծողը սկսել է ժամացույց կառուցել 10 հազար տարվա համար

Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն սկսել է մեխանիկական ժամացույցի կառուցումը, որն առանց մարդու միջամտության կաշխատի տասը հազար տարի: Այս մասին նա պատմել է իր Twitter-ում եւ զետեղել է սարքի մոնտաժման մասին տեսահոլովակ։
«500 ֆուտ (152,4 մետր) բարձրություն, ամեն ինչ մեխանիկական է, գործողության մեջ է դրվում ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանային ցիկլերով»,-գրել է ձեռնարկատերը:
Ինչպես ճշտում է Fox News-ը, Բեզոսը նախագծում ներդրել է 42 միլիոն դոլար: Ժամացույցը կառուցվում է արեւմտյան Տեխասում՝ լեռան խորքում: 2011 թվականին գործարարը դրա մասին այսպես է ասել. «Տասը հազար տարում Միացյալ Նահանգները կդադարի գոյություն ունենալ: Ամբողջ քաղաքակրթություններ կզարգանան ու անկում կապրեն: Կներդրվեն կառավարման նոր համակարգեր: Դուք չեք կարող պատկերացնել աշխարհը՝ ոչ ոք չի կարող, բայց մենք կփորձենք այս ամենով անցնել ժամացույցի միջոցով»:
Ժամացույցի տեղակայումն ավարտելու ստույգ ժամկետ առայժմ չկա: Նշվում է, որ սարքն այցելուների համար կբացեն, երբ ամեն ինչ պատրաստ լինի:
Installation has begun—500 ft tall, all mechanical, powered by day/night thermal cycles, synchronized at solar noon, a symbol for long-term thinking—the #10000YearClock is coming together thx to the genius of Danny Hillis, Zander Rose & the whole Clock team! Enjoy the video. pic.twitter.com/FYIyaUIbdJ
— Jeff Bezos (@JeffBezos) February 20, 2018