
Մուն Չժե Ինը և Իվանկա Թրամփը քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, Սեուլում կայացած դռնփակ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել Կորեական թերակղզու իրադրության շուրջ:
Այ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը: Զրույցը շարունակվել է 35 րոպե: Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ երկխոսությանը եւ միջկորեական գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր: Գործակալության տվյալներով՝ Իվանկա Թրամփը Մուն Չժե Ինին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահի ուղերձը եւ հերթական անգամ հավաստել է ԱՄՆ-ի կողմնակցությունը ԿԺԴՀ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու ռազմավարությանը:
Իր հերթին Հարավային Կորեայի նախագահը հորդորել է ԱՄՆ-ի իշխանություններին՝ ակտիվորեն երկխոսություն վարել ԿԺԴՀ-ի հետ կորեական միջուկային ծրագրին առնչվող խնդիրը լուծելու համար, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջկորեական երկխոսությանը նրա ցուցաբերած աջակցության համար:
Իվանկա Թրամփը գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը, որը ժամանել է Փհենչհան՝ մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: