«Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար». Էդվարդ Նալբանդյան

Տնտեսական ոլորտում ոչ գոհացուցիչ արդյունքն է պատճառը, որ Հայաստանն ու Մադագասկարը որոշել են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին: Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանն ու Մադագասկարը դեռեւս 40 տարի առաջ էին հարաբերություններ հաստատել, դեռեւս խորհրդային տարիներին բարեկամական խմբեր էին փոխայցելություններ կատարում, Մադագասկարից ուսանողներ էին գալիս Հայաստան այստեղ սովորելու, եւ անգամ առևտրային, տնտեսական ցուցանիշներ կային: Վերջին ժամանակներում գրանցված թվերը գոհացուցիչ չեն եւ համարյա գոյություն չունեն: Հենց դա է պատճառը, որ գործընկերոջս հետ որոշեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի այն մեծ ներուժը, որը կա համագործակցության, հարաբերությունների զարգացման համար, ավելի լիակատար կերպով օգտագործվի»,-ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները դեռեւս շատ անելիքներ ունեն ոչ միայն համագործակցությունն առավել ընդլայնելու, այլեւ դրանց նոր թափ հաղորդելու գործում:

«Հատկապես, որ մայիսին սպասում ենք Մադագասկարի նախագահի պետական այցին Հայաստան: Դա լավ հնարավորություն կլինի ոչ միայն բազմաթիվ երկկողմ պայմանագրեր ստորագրելու, այլեւ տնտեսական հարաբերություններին իսկապես նոր թափ հաղորդելու: Մտադիր ենք գործարար հանդիպում կազմակերպել այս այցի շրջանակում, սկզիբ դնել ավելի ակտիվ միջխորհրդարանական հարաբերություններին»,-եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս