Նիդեռլանդները դեմ է արտահայտվել ԵՀ-ի ղեկավարի թեկնածուների առաջադրման գործող պրակտիկային
Նիդեռլանդները չի պաշտպանում Եվրախորհրդարանի ընտրություններում առավել մեծ թվով ձայներ հավաքած քաղաքական ընտանիքից ինքնաբերաբար Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման պրակտիկայի պահպանումը:
Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեն: Եվրախորհրդարանի՝ 2019 թվականի մայիսին կայանալիք հերթական ընտրությունների համատեքստում ԵՄ-ի երկրների 27 ղեկավարները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, փետրվարի 23-ին Բրյուսելի ոչ պաշտոնական գագաթնաժողովում կքննարկեն Եվրահանձնաժողովի ապագա նախագահի նշանակման տարբերակները:
«Նիդեռլանդները չի պաշտպանում այդ համակարգը»,- գագաթնաժողովին ժամանելուց հետո լրագրողներին ասել է վարչապետը: Ռյուտեի խոսքով՝ ԵՄ-ի ղեկավարներն ընդհանուր բանավեճ կանցկացնեն այս հարցի շուրջ, բայց մոտեցումը պահպանելու համար կպահանջվի փոփոխություններ կատարել ԵՄ-ի օրենսդրության մեջ: Ընտրություններում հաղթած կուսակցությունից Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուի առաջադրման օգտին հանդես է գալիս նրա ներկայիս ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, որին պաշտպանում են Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին եւ վեհաժողովի պատգամավորների մեծամասնությունը:
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի եւ Լիտվայի ղեկավարներն արտահայտվել են Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեկնածության առաջադրման ներկայիս պրակտիկայի պահպանումից հրաժարվելու օգտին: