«Անհեռանկարային է». Վարդան Բոստանջյանը՝ ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնության մասին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անտրամաբանական և անհեռանկարային է համարում ԱԺ կողմից ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը չեղարկելու և նախագահի համաժողովրդական ընտրություններ անցկացնելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը:
«Ես դա տրամաբանական չեմ համարում, բայց սա զուտ իմ անձնական կարծիքն է, խմբակցությունը կանդրադառնա այդ հարցին ու կորոշի։ Բայց ես կարծում եմ, որ դա իրականանալու առումով անհեռանկարային է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Սահմանադրության պահանջը ստորագրությամբ չի վերանում, որքան էլ դու ուժեղ քաղաքական ուժ լինես: «Սահմանադրությունն է այդպես պահանջում։ Կարծում եմ, որ ստորագրությամբ ոչինչ չեն կարող անել, որովհետև Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կողմից։ Չեմ կարծում, որ դրա համար նորից պետք է քվեարկություն անցկացնենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ելք»-ը դիմելու է ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։