Տեսանյութում պատկերված տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները փակ չլինելու հանգամանքից, սրահից հափշտակել է քաղաքացու ծառայողական վերարկուն, որին փակցված է եղել ծառայողական տեսանկարահանող սարքը և ծառայողական վկայականի նշանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում ավտոմեքենային, բացում առջևի դուռը, սրահից վերցնում վերարկու և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: