
Բաթումի օդանավակայանն ընդարձակելու են

Բաթումի միջազգային օդանավակայանում պլանավորվում են դրա ընդարձակման ենթակառուցվածքային աշխատանքներ: Այդ մասին, ինչպես հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը, հայտարարել է TAV Georgia ընկերության գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն։
Այս որոշումն ընդունվել է ուղեւորահոսքի սրընթաց աճի եւ նոր ավիաչվերթերի իրականացման կապակցությամբ: Աշխատանքները կսկսվեն մարտի վերջին-ապրիլի սկզբին:
Զաքարաձեի տեղեկատվությամբ՝ օդանավակայանում կավելացնեն ինքնաթիռների համար նախատեսված կայանատեղիները: Բացի այդ, TAV Georgia-ն ոչ մեծ փոփոխություններ է պլանավորում նաեւ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միավորում» ՍՊԸ-ի տնօրեն Քեթեւան Ալեքսիձեի խոսքով, անցյալ տարվա ընթացքում Բաթումի օդանավակայանում գրանցվել է ուղեւորների ռեկորդային թվաքանակ, որը նախորդ տարիների համեմատությամբ աճել է 59 տոկոսով: Ալեքսիձեն ընդգծել է, որ միայն ամառային տարեշրջանում Բաթումի օդանավակայանից օգտվել է 100 հազար մարդ: