
Դանիան 27 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն կհատկացնի Վրաստանին

Դանիայի կառավարությունը «հարեւանության ծրագրի» շրջանակներում Վրաստանին ֆինանսական օգնություն կհատկացնի 27 մլն եվրոյի չափով: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով նախօրյակին ուշ երեկոյան Թբիլիսիում երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Միխայիլ Ջանելիձեի եւ Անդերս Սամուելսենի հանդիպման արդյունքները:
Ինչպես նշել են գերատեսչությունում, Ջանելիձեն շնորհակալություն է հայտնել Դանիային «այս որոշման եւ Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար»:
«Դանիայի հարեւանության ծրագիրը» եւ հատկացված 27 մլն եվրոն կնպաստեն Վրաստանում ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսությանի կայուն զարգացմանը»,-հայտարարել է նախարարը:
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը Վրաստանում է գտնվում իր առաջին պաշտոնական այցով: Այցը կտեւի երկու օր (փետրվարի 22-23-ը), դրա շրջանակներում Սամուելսենը հանդիպում կունենա նաեւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, կառավարության առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: