
ՄԱԿ-ի ԱԽ-ն կքվեարկի Սիրիայում 30 օրով հրադարդարի բանաձևի նախագծի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) փետրվարի 23-ին կքվեարկի Սիրիայում հրադադարի 30-օրյա ռեժիմի սահմանման բանաձեւի նախագծի վերաբերյալ: Նիստը նախատեսված է Երեւանի ժամանակով 20:00-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության մի աղբյուր:
Փաստաթղթում, որի պատճենին ՏԱՍՍ-ին հաջողվել է ծանոթանալ, նշված է, որ զինադադարը, որը պետք է սկսվի բանաձեւն ընդունվելուց հետո 72 ժամ հետո, չի տարածվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների վրա:
Տեքստը նաեւ բովանդակում է պահանջ հակամարտության բոլոր կողմերին, այդ թվում Սիրիայի իշխանություններին, պահպանել միջազգային հումանիտար իրավունքի նորմաները: Մարտական գործողությունների մասնակիցներին կոչ է արվել աջակցելու բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալուն եւ վիրավորների տարահանմանը: