
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի նահանգապետը ձերբակալվել է անձնական կյանքի իրավունքները խախտելու մեղադրանքով

ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի նահանգապետ Էրիկ Գրեյթենսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել անձնական կյանքի իրավունքները խախտելու գործով: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել է The St. Louis Post-Dispatch թերթը՝ վկայակոչելով Սենթ-Լուիսի դատախազ Քիմբեռլի Գարդեների արած հայտարարությունը:
Թերթի տվյալներով՝ նահանգապետի նկատմամբ մեղադրանքներն առաջադրվել են այն բանից հետո, երբ հունվար ամսին մամուլում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, թե նա, իբր, իր սերուհուն վարկաբեկող լուսանկարներ է արել եւ սպառնացել դրանք օգտագործել այն դեպքում, եթե նա պատմի իրենց միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների մասին: Գրեյթենսը, ըստ թերթի հաղորդագրությունների, ընդունել է արտամուսնական կապի փաստը, սակայն հերքել է, թե սպառնալիքների է դիմել:
Գրեյթենսը Միսսուրիի նահանգապետի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի նոյեմբերին: Ինչպես փետրվարի 22-ին հաղորդել է Fox News հեռուստաընկերությունը, Միսսուրիի նահանգի օրենսդիր ժողովի անդամները նահանգապետին կոչ են արել հեռանալ պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: