
Բակո Սահակյանի ուղերձը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին: Արցախյան գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան զինվորներ, սպաներ, գեներալներ, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած վետերաններ, այդ սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներ: Հավե՜րժ փառք ու պատիվ Հայրենիքի նվիրյալներին:
Մենք հպարտ ենք մեր քաջարի զինվորի բազկի եւ ոգու ուժով, հպարտ ենք, որ ունենք պատերազմի բովում թրծված ու կայացած, հզոր ու հաղթական բանակ, որն անառիկ է պահում հայրենի երկրի սահմանները եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության:
Հպարտ ենք եւ այսուհետ էլ կանենք ամեն հնարավորը մեր երկրի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության շարունակական ամրապնդման, խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»: