«Ես համաձայնեցի գնալ այս ինստիտուտ աշխատելու՝ ելնելով այն դերակատարությունից, որ այդ ինստիտուտն ունի». Գագիկ Հարությունյան

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից մեկն է:

«Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ, նոր ինստիտուտ է իր դերակատարությամբ, և ես համաձայնեցի գնալ այս ինստիտուտ աշխատելու՝ ելնելով այն դերակատարությունից, որ այդ ինստիտուտն ունի», – նշեց Գագիկ Հարությունյանը։

ՍԴ նախագահի գնահատմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնա արմատական փոփոխությունների՝ ապահովելով դատավորների սոցիալական, ինստիտուցիոնալ, նյութական անկախությունը։ «Պետք է նաև կոտրենք այն մտածողությունը, որ սա դատարանների համակարգ չէ, որն սպասարկում է իշխանությանը, այլ սա իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել և հակակշռել մյուս իշխանության թևերին», – հավելեց ՍԴ նախագահը։

Իշխանական կոալիցիան Բարձրագույն դատական խորհրդում առաջադրել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանի, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանի, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհրդի անդամները փետրվարի 22-ին հանդիպել են ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, որոնք առաջադրել են նրանց թեկնածությունը: Գագիկ Հարությունյանը նշեց, որ մյուս խմբակցությունները ևս կարող են թեկնածուներ առաջադրել, սակայն յուրաքանչյուր տեղի համար ընտրվելու է մեկ թեկնածու:

Տեսանյութեր

Լրահոս