
Կառավարությունը դրական եզրակացություն է տվել Գալուստ Սահակյանի նախագծին

ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանի և մի շարք այլ պատգամավորների օրենսդրական փոփոխության առաջարկին, որը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքին:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, թե առաջարկության բուն էությունն այն է, որ եթե քննիչը որոշում է կասեցնել քրեական գործի վարույթը, դրա մասին տեղեկացնի տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, իսկ որոշակի դեպքերում՝ նաև մեղադրյալին:
«Առաջարկության հեռահար նպատակն այն է, որ այդ անձինք, տեղեկացված լինելով, հնարավորություն ունենան բողոքարկելու համապատասխան ակտը: Գաղափարը լավն է, մենք պաշտպանում ենք այն, սակայն որպեսզի արդյունավետ կյանքի կոչվի, մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել, առանց որոնց ընդունման այս ակտը չի ծառայի իր նպատակին: Այնպես որ, առաջարկում ենք տալ դրական եզրակացություն՝ նշելով, որ դա պայմանավորված է մեր առաջարկությունների ընդունմամբ»,- ասաց Դավիթ Հարությունյանը: