
Հեղեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարված Ինդիանայի մի քանի քաղաքներում

Փրկարարական ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի մի քանի քաղաքների բնակիչների տարհանում են սկսել հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են սաստիկ տեղատարափներից ու ձյան հալոցքից:
Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Ներկայում Էլհարթ եւ Գոշեն քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարված: Գործակալության տվյալներով՝ նահանգի հյուսիսում տրանսպորտային բազմաթիվ երթուղիներ փակված են եւ օգտագործվում են միայն արտակարգ ու այլ ծառայությունների աշխատակիցների կողմից:
«Էլհարթում առաջին անգամ է հեղեղում գրանցվել վերջին 45 տարվա ընթացքում»,-գործակալությունը մեջբերել է քաղաքագլուխ Թիմ Նիզի խոսքը:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ գետերի վարարման եւ սաստիկ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումը սպառնում է նաեւ Ինդիանայի հարեւան նահանգներին: Այսպես, Միչիգանի նահանգի իշխանություններն արդեն կոչ են արել վեց օկրուգների բնակիչների՝ հեռանալ իրենց տներից: Իլինոյսի նահանգի բնակիչները նույնպես տարհանման հանձնարարական են ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: