Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կորուստներ ունի

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը մեծ կորուստներ ունի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում Ալբանիայի հետ խաղից առաջ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Մենք արդեն ապացուցել ենք, որ Ալբանիայից ուժեղ ենք մեր ներուժով և ներկա վիճակով: Դեռևս ամռանը երկու ընկերական խաղում հաղթել ենք նրանց և մեկում էլ հաղթեցինք նոյեմբերին: Սակայն հիմա մի փոքր բարդ դրության մեջ ենք: Որոշվեց, որ Ռայան Բոթրայթը չի միանա հավաքականին: Նա ևս խնդրել է այդ մասին: Սակայն սա մեծ խնդիր չէր: Մենք կարող էինք հավաքական հրավիրել Թերի Սմիթին, սակայն վերջին պահին ՖԻԲԱ-ն հրաժարվեց թողնել Սմիթին խաղալ թիմում»,- ասաց Պողոսյանը:

Վերջինս շեշտեց, որ մի քանի բասկետբոլիստներ հավաքին են միացել վնասվածքներով: Ազգային թիմից վնասվածքներ ունեն Անդրանիկ Չրաբաշը, Ալլին Հեսսը, Նիկիտա Զախարովը: Հավաքի ընթացքում վնասվածք ստացավ Ալբերտ Թադևոսյանը: Վերջինս այն բասկետբոլիստն էր, ով լավագույնն էր Տիրանայում կայացած խաղում: Քրիս Յանկուն չի միացել հավաքականին, քանի որ վիրահատության պիտի ենթարկվի: Հավաքականի կազմում ընդգրկվել է Արարատ Աբրահամյանը, ով մասնակցել է թիմի նախորդ ուսումնամարզական հավաքին:

«Հավաքականի բոլոր տղաները պայքարելու են մինչև վերջ: Նրանք բոլորն էլ առյուծներ են: Խնդիրներ ունի նաև Ալբանիան, բայց նրա խնդիրները կապված են ոչ թե կորուստների, այլ թիմի ներքին հարցերի հետ: Սակայն մենք առավել, քան երբևէ կունենանք մեր երկրպագուների կարիքը, քանի որ նրանք կարող են դառնալ մեր թիմի անդամը՝ իրենց երկրպագությամբ»,-կոչ արեց Պողոսյանը:

Հայաստան-Ալբանիա հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին, Երևանի ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում և սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս