Արա Բաբլոյանը Սումգայիթյան ջարդերը համեմատեց նացիստների գործողությունների հետ

«Արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու, և հատկապես՝ հայի հանդեպ, որ կային մեր հարևանների մեջ. դրանք 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեցին Սումգայիթում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները:

Ա. Բաբլոյանը նշեց՝ պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչները: Նա ընդգծեց, որ մեր բազմաթիվ բնակիչները բռնի տեղահանվեցին և ունեզրկվեցին:

«Բռնություններն ու սպանություններն այնուհետև շարունակվեցին հայաբնակ Բաքվում, Գանձակում և Ադրբեջանի տարածքում հայտնված այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին ազգությամբ հայեր: Սումգայիթում և Բաքվում իրականացված գործողություններն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետևանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության և համապատասխան ատայանների կողմից:

Մեր ժողովուրդն իր պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության  հռչակումով, անկախ պետության կառուցումով, սակայն ավելի քան 3 տասնամյակ առաջ կատարված ոճրագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան՝ որպես պատմության անցած և փակված էջեր»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Ա. Բաբլոյանն ընդգծեց, որ Սումգայիթում, Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի և վայրենությունների վերաբերյալ փաստագրական բազան գուցե ծավալով ավելի քիչ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների գործողությունների մասին փաստերը, սակայն այն պակաս ազդեցիկ չէ.

«Մանավանդ, որ ադրբեջանական ֆաշիզմն իր ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում է հիտլերյան ֆաշիզմին: Սումգայիթի և Բաքվի ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթված բազմաթիվ հայ փախստականները և նրանց ժառանգները՝ արդար դատին»:

Տեսանյութեր

Լրահոս