Ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի կադրեր լրատվամիջոցները նկարահանելու հնարավորություն չունենան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչու լրագրողը չպետք է գտնվի ավագանու նիստի դահլիճում։ Որովհետեւ երբ լրագրողը նիստերի դահլիճում է, կարող է ձայնագրել կամ տեսագրել, թե ինչպես է Տարոն Մարգարյանի թիմակիցը սեռական հայհոյանքներ ուղղում Տարոն Մարգարյանի ոչ թիմակից անդամին։

Ըստ միջին վիճակագրական չինովնիկի, նորմալ է, երբ հայհոյում են, բայց նորմալ չէ, երբ այդ մասին իմանում է հասարակությունը։ Կամ, եթե կոյուղաջուրը բերելու օրը այնտեղ լրագրողներ չլինեին, ապա տեսանկարահանումներ չէին լինի, թե ինչպես են Տարոն Մարգարյանի հավատարիմ սուպերինտելեկտուալ կիսաքրեականները կնոջը ծեծում։ Ու ոչ մի ապացույց չէր լինի. ծեծի փաստը կտրականապես կհերքեին ու հանգիստ կգնային իրենց գործերով։

Ի դեպ, երեկ պարզվել է, որ այդ օրվա միջադեպի հետ կապված՝ քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել նաեւ լրատվամիջոցների նկարահանած կադրերը։ Այսինքն, դրանք ապացույցներ են։ Այս մասին երեկ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Վերջինս հայտնել է նաեւ, որ քրգործը ուղարկվել է ՀՀՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն։

Անշուշտ, այնքան միամիտ չենք, որ սպասենք, թե հարուցված քրեական գործը անաչառորեն կտարվի մինչեւ վերջ, ու կնոջը ծեծի ենթարկած «տղամարդիկ» կպատժվեն օրենքի տառին համապատասխան։ Տարոն Մարգարյանի կողմնակիցները եղել են, կան ու կլինեն անպատժելի։

Նրանք գործել են այնպես, ինչպես ենթադրում է ՀՀԿ-ականների աշխարհայացքը, ներքին «կանոնադրությունը»։

Ավելին. գուցե պատասխանատվության ենթարկվեն կանայք, մեկ էլ տեսար՝ դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ ամենայն հայոց կարատեիստ Գոռ Վարդանյանը միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել եւ առ այսօր գտնվում է վերակենդանացման բաժնում։

Կամ՝ որ ժամանակին մարդկանց առեւանգման համար քրեական գործով անցած Վասպուրակ Մարտիրոսյանը կոյուղաջրի հոտից խորը թունավորում է ստացել։ Բայց դե կնոջը ծեծելու կադրերի հրապարակումը, այնուամենայնիվ, դիսկոմֆորտ է ստեղծում այդ մարդկանց համար, ու ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի կադրեր լրատվամիջոցները նկարահանելու հնարավորություն չունենան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս