«Կառուցում ենք բժշկական հաստատություններ, որի հաստատուն ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։
«Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերն ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշերին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները»,- ասաց Կ.Կարապետյանը:
Նա հանձնարարեց առողջապահության նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշերին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։
«Վերջին շրջանում մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որի հաստատուն ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է` ընդհանուր օգտագործման մեծ տարածքներ, բարձր պատալոկներ, դրա տաքացման… աշխարհում նման բան չկա»,- ասաց Կ.Կարապետյանը: