Այգեպատում հիմնանորոգվում են ոռոգման ներքին ցանցերը
Արդեն երկու շաբաթ է, ինչ «Արտաշատ ՋՕԸ»-ն տարածաշրջանում սկսել է ոռոգման ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները: Ջրամատակարարումը ժամանակին ապահովելը առատ բերքի երաշխիք է: Ընկերությունն այս նշանաբանով լայնածավալ աշխատանքներ է սկսել մարզի Այգեպատ համայնքում, որտեղ առանց ընդմիջման աշխատում է գյուղտեխնիկան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հողային հունով ջրատարի 450 մ հատվածը պատվում է երկաթբետոնե կիսախողովակներով: Ջրատարները մաքրվում են տիղմից, ստեղծվում են համապատասխան հենակետեր՝ երկաթբետոնե կիսախողովակները տեղադրելու համար:
Նշենք, որ շուրջ 80 տարի է, ինչ վերոհիշյալ ջրատարով այգեպատցիներն իրականացնում են հողերի, այսպես կոչված, ոռոգումը: Տասնամյակներ շարունակ այդ ջրատարից սնվող 30 հա սեփականաշնորհված հողերը ոռոգվում էին դժվարությամբ ու ոչ լիարժեք: Պատկերը պարզ լինելու համար նշենք, որ մայր ջրատարից սպառողին ջուրը հասնում է յոթ ժամում, ինչից տուժում է բերքը, եւ տեղի է ունենում 50-60 տոկոս ջրի կորուստ: Բացի այդ, ջուրը ողողում է ջրատարի թույլ շերտերը՝ շրջակայքում առաջացնելով ջրափոսեր, որոնց վերացման ու մաքրման համար գյուղապետարանը պարբերաբար լրացուցիչ միջոցներ է ներդնում: Ջրափոսերն իրենց հերթին աղտոտում են շրջապատը, հաճախ անանցանելի դարձնում հողատարածքներ տանող ճանապարհները: Շուտով կավարտվեն շինարարական աշխատանքները:
Հիմնանորոգմամբ խանդավառված գյուղացիներից Ժորա Վիրաբյանը, Բորիս Ստեփանովը, Կարլեն Գրիգորյանը, Գեղամ Հարությունյանը նշեցին, որ, վերջապես, կկարգավորվի ոռոգման հարցը: «Տասնամյակներ շարունակ դժվարություններ էին ստեղծվում յուրաքանչյուր ոռոգման տարեշրջանին թե՛ ջրի կորստի, թե՛ աղտոտվածության, եւ թե՛ ոռոգման գործընթացը հոգսաշատ լինելու առումով»,- նշեցին նրանք:
Լիլիթ Մաճկալյան