
Քրդական ջոկատները 40 թուրք զինվորների ու զինյալների են սպանել Աֆրինում. Firat

Քրդական ջոկատները Աֆրին քաղաքից հյուսիս ընկած շրջանում դիմագրավել են «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց աջակցում են թուրքական զորքերը:
Ինչպես փետրվարի 21-ին հայտնել է Firat գործակալությունը, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) աշխարհազորայինները կարողացել են երկու տանկ եւ երկու զրահափոխադրիչ խփել Շերրանի շրջանում: Անցկացված գործողության արդյունքում սպանվել է առնվազն 20 թուրք զինվոր ու ՍԱԲ-ի զինյալ: Գործակալության տեղեկատվությամբ՝ եւս 20 թուրք զինծառայողներ զոհվել են հարեւան Ռաջու օկրուգում քրդերի հակագրոհի ժամանակ: ԺԻՈւ-ի ջոկատները վերջին 48 ժամավա ընթացքում կորցրել են 14 մարտիկ, որոնց հուղարկավորությունը տեղի է ունեցել Աֆրինում:
Թուրքական հրետանին ու ռազմաօդային ուժերը շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել Ջանդարիս քաղաքին, որտեղ գտնվում են ԺԻՈւ-ի պաշտպանական բնագծերը: Այնտեղից տեղեկություններ են ստացվում զոհված ու վիրավորված խաղաղ բնակիչների մասին: Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ հունվարի 20-ից Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է 1780 ահաբեկիչ, որոնց թվին Անկարայում դասում են ԺԻՈւ-ի մարտիկներին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: