Դժգոհության նոր ալիք է հասունանում. բուժհաստատություններում ժողովներ հրավիրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն տեղատոմսով. ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:

Սա, իհարկե, ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Սակայն Հայաստանում պարզ չէ, թե այն ինչպե՞ս կկիրառվի, ի՞նչ խնդիրներ կհարուցի, քանի որ համակարգը, բառի ուղիղ իմաստով, շիլա-շփոթ է:

Թերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին հայաստանյան գրեթե բոլոր բուժհաստատություններում այս թեմայով ժողովներ են անցկացվել: Եւ կառավարության որոշումը մասնագետների մոտ արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

Մասնավորապես բուժհաստատություններին այդպես էլ չի տրվել դեղատոմսով տրամադրվելիք դեղերի ցանկը, փոխարենը խորհուրդ են տվել այն նայել նախարարության պաշտոնական կայքում, որտեղ եւս նույն շիլա-շփոթն է, եւ երեկվա դրությամբ ցանկը կայքում տեղադրված չէր: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ հատկապես մարզային հիվանդանոցները հագեցած չեն համակարգչային տեխնիկայով, սա լրացուցիչ դժվարություն կհարուցի:

Բացի այդ` կանխատեսվում է, որ առաջիկայում առանց այն էլ ծանրաբեռված ռեժիմով աշխատող բուժհաստատություններում մեծ հերթեր կլինեն, եւ քաղաքացիները ստիպված կլինեն օրերով սպասել` ամենապարզունակ դեղատոմս ստանալու համար: Սա դժվարություն կլինի հատկապես հեռավոր գյուղերի բնակիչների համար, որոնք դեղատոմս պետք է ձեռք բերեն մարզկենտրոնի հիվանդանոցներից: Բայց նրանց մասին մայրաքաղաքի տաքուկ սենյակներում նստածները չեն էլ մտածում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս