Ֆիզիկական բեռնվածությունները նվազեցնում են տարեց տղամարդկանց մահացության վտանգը
Բրիտանացի գիտնականները ցույց են տվել, որ մաքուր օդում կանոնավոր չափավոր ֆիզիկական բեռնվածությունները նվազեցնում են տարեց տղամարդկանց մահացության վտանգը: Ուսումնասիրությունը հրապարակված է British Journal of Sports Medicine հանդեսում: Այդ մասին հայտնել է EurekAlert!-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենօրյա կես ժամ տեւողությամբ զբոսանքը շան հետ կամ այգում կատարվող աշխատանքները 17 տոկոսով նվազեցնում են մահացության վտանգը: Այս եզրակացությունն արդարացի է՝ հաշվի առնելով այն, որ երկար նստելը բացասական ազդեցություն է ունենում տարեց տղամարդկանց առողջության վրա:
Ուսումնասիրության հեղինակները հետեւել են 1181 բրիտանացի տղամարդկանց առողջական վիճակին եւ մահացության դինամիկային, մարդիկ, որոնց միջին տարիքը հետազոտությունն սկսելու պահին կազմում էր 78: Յուրաքանչյուր տղամարդու հետեւել են միջին հաշվով հինգ տարի, մինչեւ դիտարկումների ավարտը 194 մարդ մահացել է:
Մասնագետները նշում են, որ թեեւ մահացության ռիսկերի նվազեցման համար ինտենսիվ ֆիզիկական վարժություններն ավելի արդյունավետ են, քան շան հետ զբոսանքները կամ այգում աշխատելը, բայց ոչ բոլոր մեծահասակ տղամարդիկ են կարողանում դրանք կրել: Ընդ որում, ինչպես կարծում են գիտնականները, չափավոր ֆիզիկական բեռնվածությունն զգալիորեն նպաստում է կյանքի տեւողության ավելացմանը: