
ԵԱԶԲ-ն քննարկում է ներքին հաշվարկները մասնակից երկրների արժույթներով կատարելու հնարավորությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) քննարկում է ներքին հաշվարկները զարգացման ինստիտուտի մասնակից երկրների արժույթների օգնությամբ կատարելու հնարավորությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանիկովը:
«Ցանկանում ենք ասել, որ ազգային արժույթների ռեժիմով աշխատելու մեծ պահանջարկ կա, բոլորը չէ, որ ցանկանում են ստանձնել արժութային ռիսկեր, լինեն դրանք դոլարներ, թե եվրոներ: Մենք կցանկանայինք աշխատել ռուբլիներով, թենգեներով, դրամներով, սոմոնիներով, բելառուսական ռուբլիներով, դա ժամանակի պահանջն է:
Դա լավ է, քանի որ ստացվում է բացառիկ իրադրություն, երբ կարելի կլիներ ռուբլու մասին խոսել որպես միակ հաշվարկային միավորի մասին, ինչը թույլ կտար խույս տալ նաեւ այն ռիսկերից, որոնք կապված է պատժամիջոցների հետ: Ուստի մենք այժմ պատրաստվում են այն բանին, որ բանկի ներսում հաշվարկները կատարենք աշխարհի տարբեր արժույթների օգնությամբ, ցանկանում ենք ակտիվորեն համագործակցել չինական ֆինանսական ինստիտուտների հետ»,-հայտնել է Բելյանիկովը: Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից հիմնադրվել է 2006 թվականին:
ԵԱԶԲ կանոնադրային կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Բանկի մասնակից պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: