«Արմեն Սարգսյանը փորձում է լայն կոնսենսուս ապահովել ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև հանրության մեջ»

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այն կարծիքին է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանի անվան շուրջ կա բավականին լայն կոնսենսուս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս պարագայում կարելի է ենթադրել, որ խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերը դժվար թե կարողանան նախագահի մեկ այլ թեկնածու առաջադրել:

«Արմեն Սարգսյանը մինչ ՀՀԿ-ի առաջարկն ընդունելը հանդիպումների շարք ունեցավ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքական, հասարակական դաշտում: Խորհրդարանական կառավարման համակարգում հանրապետության նախագահը պետք է ձևավորի բավականին լայն կոնսենսուս քաղաքական դաշտում, ինչը Արմեն Սարգսյանը փորձեց ձեռք բերել` հանդիպումներ ունենալով տարբեր քաղաքական ուժերի հետ»,- նշեց Մարկարովը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը փորձում է լայն կոնսենսուս ապահովել ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև հանրության մեջ` փորձ անելով արտացոլել շահեր, որոնք առկա են հասարակական տարբեր խմբերում: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նախագահի գործունեության շնորհիվ նաև հնարավոր կլինի ամրապնդել Հայաստան-սփյուռք, Հայաստան-Արցախ կապը: «Մենք տեսնում ենք, որ Արմեն Սարգսյանը փորձում է իր շուրջ կոնսոլիդացնել տարբեր քաղաքական, հասարակական ուժերի, սփյուռքն ու Արցախը»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Տեսանյութեր

Լրահոս