
Քրդերը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում են Թուրքիայի վրա ճնշում գործադրել Աֆրինում նրա գործողության պատճառով

Սիրիական Աֆրինի քրդերը, որտեղ թուրքական զինուժերը հունվարի վերջից գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, կոչ են արել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
«Մենք պահանջում ենք միջազգային հանրակցությունից՝ կատարել իրենց պարտավորությունները, մենք պահանջում ենք հարգել մարդու իրավունքները: Բոլոր երկրները եւ հատկապես ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները, ներառյալ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, պետք է կատարեն այն պարտավորությունները, որոնց տակ նրանք ստորագրել են ՄԱԿ-ում: Մենք պահանջում ենք, որ մեզ չբնաջնջեն թունավոր նյութերով»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Աֆրինի ինքնապաշտպանության քրդական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:
Խոսելով թուրքական ռազմարշավի արդյունքների մասին՝ Հեդուն նշել է, որ «թուրքական բանակի միակ ձեռքբերումը շուրջ 480 վիրավոր քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 57 երեխա, 176 մարդու զոհվելը, որոնցից 27-ը երեխաներ են»: «Նրանք ոչնչացրել են ենթակառուցվածքը, կենսապահովման օբյեկտները, դպրոցներն ու պատմական հուշարձանները. ահա նրանց ռազմական ձեռքբերումները»,-ասել է նա:
Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել է Աֆրինում գործողության սկսվելուց ի վեր 1780 զինյալների վնասազերծման մասին: