Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել
Հայաստանում կարմրուկի մեկ դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ հիվանդը 42 տարեկան է, ով կարմրուկի դեմ չի պատվաստվել: «Բարեբախտաբար հիվանդությունը ընթացք չի ունեցել, քանի որ հիվանդի հարազատները ժամանակին արել են համապատասխան պատվաստումները»,-ասաց նա:
Սահակյանի խոսքով` Հայաստանին կարմրուկի համաճարակ չի սպառնում: «Մենք բացի հիմնական պատվաստումներից, որոնք իրականացնում ենք 12 ամսական եւ 6 տարեկան երեխաների շրջանում, նախաձեռնեցինք նաեւ լրացուցիչ պատվաստումներ, որտեղ ընդգրկվեցին 6-28 եւ 30-45 տարեկան անձինք: Հայաստանում ռիսկի խմբում հիմնականում 40 տարեկանից բարձր անձինք են»,-նշեց նա:
Մեկ անգամ կարմրուկ տարած մարդն ամբողջ կյանքի ընթացքում չի հիվանդանում: «Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պատվաստում:Միայն ժամանակին և լիարժեք պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և հանրապետությունում կարմրուկի վիրուսի հետագա տարածումը: Կարմրուկի դեմ կայուն և լիարժեք պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է առնվազն երկու դեղաչափ պատվաստում»,-ասաց Սահակյանը:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ անցյալ տարի հանրապետությունում եւս կարմրուկի մեկ դեպք է գրանցվել: «Հիմա մի շարք երկրներում համաճարակ կա` Հունաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Բելգիայում: Մեր երկիրն ապահովագրված է,քանի որ պլանային պատվաստումների շարքում ամենամեծ մասնակցությունը այս պատվաստմանն է բաժին ընկնում` 97 տոկոս»,-հավելեց նա:
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով):
Վարակի մուտքի դռներ են վերին շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից ներթափանցելով օրգանիզմ, վիրուսը բազմանում է շնչական ուղիների էպիթելում և շրջանային ավշային հանգույցներում: Ինկուբացիոն շրջանի 3-5-րդ օրը դիտվում է կարճատև վիրուսեմիա:
Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը` իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը` վերջույթները:
Կարմրուկը մի շարք բարդությունների պատճառ կարող է հանդիսանալ, օրինակ, թոքաբորբի եւ ուղեղի բորբոքման: