Վրաստանի ՆԳ փոխնախարարը մեկնել է Գերմանիա՝ փրկելու ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմը
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն ժամանել է Գերմանիա՝ քննարկելու Վրաստանից ապաստան հայցողների թվաքանակի աճի եւ ԵՄ-ի երկրներում Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի չեղարկման հնարավոր սպառնալիքի խնդիրները: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաալիքը:
Գերմանիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարի դրությամբ Վրաստանի քաղաքացիները յոթերորդ տեղում են այդ երկրում ապաստան հայցողների շարքում: Միայն ընթացիկ տարվա հունվարին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Վրաստանի 632 քաղաքացի, իսկ դրանից մեկ ամիս առաջ՝ 672:
Փետրվարի սկզբին Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը չի բացառել ԵՄ-ի հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմի գործարկման հնարավորությունն այն դեպքում, եթե աճի ապաստան հայցողների թվաքանակը: Մեզիերը նաեւ հայտարարել է, որ Գերմանիային մտահոգում է հանցագործությունների աճը:
Գերմանիայի ՆԳ նախարարի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի կառավարությունը հայտարարել է այն անձանց նկատմամբ օրենսդրությունը խստացնելու մտադրության մասին, որոնք սպառնալիքի տակ են դնում ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի կանոնները:
Եվրոպայի ապաստանի տրամադրման գործակալության (EASO) տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանի միայն 13 քաղաքացիներ են ապաստան ստացել Եվրամիության երկրներում, իսկ 879-ը մերժում են ստացել: Քննարկման փուլում է եւս 5567 դիմում, հաղորդել է Sputnik-ը: