Ռեկորդային թվով ամերիկացիներ կողմ են զենքի շրջանառության խստացմանը
Ամերիկացիների շուրջ 66 տոկոսը ցանկանում է, որ ԱՄՆ-ում խստացվեն հրազենի շրջանառությանը վերաբերող օրենքները: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ փետրվարի 20-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել է ԱՄՆ-ի Քոնեքթիքութի նահանգի Քվինիփեքի համալսարանը:
Այդ ցուցանիշը ամենաբարձրն է դարձել համանման բոլոր հարցումների շարքում, որոնք համալսարանն սկսել է կանոնավոր կերպով անցկացնել 2012 թվականին Քոնեքթիքութի Սենդի-Հուք տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո: Այն ժամանակ 20-ամյա մոլագարը գնդակահարել էր վեց-յոթ տարեկան 20 երեխաների, ինչպես նաեւ վեց մեծահասակների:
Ինչպես նշել են հարցման կազմակերպիչները, 2015 թվականի դեկտեմբերից ի վեր ԱՄՆ-ում զենքի շրջանառության նկատմամբ հսկողության խստացմանն աջակցության մակարդակն ավելացել է գրեթե 20 տոկոսով: Հարցվածների շուրջ 67 տոկոսն այս անգամ հայտարարել է, որ հանդես է գալիս ռազմական նմուշի այսպես կոչված գրոհային հրացանների վաճառքի արգելման օգտին, որոնք առավել հաճախ են օգտագործվում զանգվածային հաշվեհարդարների ժամանակ:
Հարցումն անցկացվել է փետրվարի 16-ից մինչեւ 19-ը, դրան մասնակցել են շուրջ 1,24 հազար ամերիկացիներ: Հարցումից մի քանի օր առաջ սպանդ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, որի զոհ է դարձել 17 մարդ:
Աշակերտների եւ ուսուցիչների վրա կրակ է բացել 19-ամյա Նիկոլաս Քրուզը, որն ավելի վաղ ուսումնական հաստատությունից հեռացվել էր կարգապահության խախտման համար: Նա զինված էեղել AR-15 կիսաավտոմատ հրացանով, որն օգտագործվում է ամերիկյան ոստիկանության կողմից եւ վաճառվում է որսորդական խանութներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: