
Թրամփը մերժել է բանակցությունների սեղանի շուրջը նստելու Մադուրոյի առաջարկությունը. EFE

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է երկխոսություն սկսելու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից փետրվարի 19-ին արված առաջարկությունը: Փետրվարի 20-ին այս մասին գաղտնիության պայմանով EFE գործակալությանը հայտնել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը,։
«Ինչպես մենք արդեն անցյալ տարվա օգոստոսին ասել ենք, նախագահ Թրամփը հաճույքով կխոսի Վենեսուելայի ղեկավարի հետ, հենց որ որոշակի քայլեր արվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա դրանց թվում ներառել է հարավամերիկյան պետությունում «ժողովրդավարության վերականգնումը», այդ երկրի «Սահմանադրության կիրառումը», «ազատ, արդար եւ վստահության արժանի ընտրությունների անցկացումը, քաղաքական բանտարկյալների ազատումը» եւ «մարդու իրավունքների խախտումների» դադարեցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: