Բաժիններ՝

Ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:

Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է.

«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ և առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Կցանկանայի նաև ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետևանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որևէ այլ միջադեպից»:

Երևանի քաղաքապետը, կարևորելով հանդիպման նախաձեռնումը, անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին և քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իր կողմից տրված հանձնարարականին.

«Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո:

Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաև քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է և, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև:
Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմին»:

Հանդիպման ավարտին, Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երևանցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս