Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կաջակցեն արտահանող ՓՄՁ-ներին

Այսօր Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել մատչելի պայմաններով վարկեր` սկսած 8% տարեկան տոկոսադրույքից: Վարկատեսակի մատչելի պայմանները համահունչ են Յունիբանկի կողմից վարկերի տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությանը:

Ծրագիրն ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։

Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Յունիբանկը ձգտում է ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով արտահանող ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթն արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար:

Համաձայնագիրը ստորագրեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը:

«Լիովին համոզված ենք, որ այս գործիքը պահանջված կլինի մեր հաճախորդների համար: Բանկը ներկայումս մշակում է գործընթացներ, որոնք թույլ կտան առավելագույնս արագ և հարմար եղանակով հաճախորդներին տրամադրել այս գործիքից օգտվելու հնարավորությունը: Նմանատիպ գործիքների կիրառումը հաճախորդի համար հարմարավետությունն է, արագությունը և հասանելիությունը, որպեսզի նրա համար հասկանալի և պարզ լինի` ինչի համար է նա վճարում, ինչ է ստանում դրա դիմաց»,- ասաց Մեսևոպ Հակոբյանը:

Նշվեց նաև, որ հաճախորդների համար լուծվում է գրավի խնդիրը` 90% ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից:

Արմեն Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության և Յունիբանկի համագործակցությունը տվյալ ոլորտում պետք է մեծ և շոշափելի արդյունքներ տա: «Հիմնական երկու գործիքակազմերով ենք աշխատելու բանկի հետ` արտահանման ապահովագրություն և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն»,- ասաց նա:

Հաշվի առնելով շուկայի և բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները` Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն և անհատական ժամանակացույց, իսկ վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերի ընդլայնման շնորհիվ Յունիբանկը նպաստում է ձեռնարկությունների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակներն ուղղված են բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը և վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը:

2017թ.-ին Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչև 200 մլրդ ՀՀ դրամի: Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության և տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև` աշխատանքի արդյունավետության բարձրացման և պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ: Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:

2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով և կազմել 60 մլրդ ՀՀ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս