
Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն

Մինչեւ 2020 թվականը Չեխիայում կստեղծվի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն, առավելապես ՆԱՏՕ-ի կարիքների համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարար Կառլա Շլեխտովան:
«Նոր համակարգը օժտված կլինի հսկայական հնարավորություններով՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով մի քանի տասնյակ րոպեի ընթացքում: Դա նաեւ կդառնա այն բանի վկայությունը, որ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն պրոֆեսիոնալներին»,-ասել է Շլեխտովան:
Ենթադրվում է, որ նոր կենտրոնը լուսանկարներ կստանա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր արբանյակներից եւ դրանցից կստեղծի աշխարհի այս կամ այն շրջանում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը: Առաջին հերթին այն կօգտագործվի ՆԱՏՕ-ի եւ Չեխիայի ռազմական գերատեսչության կարիքների համար, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի անհրաժեշտ տեղեկատվությաոն տրամադրել բժիշկների եւ հրշեջների համար:
Կենտրոնի ստեղծումը կսկսվի այս տարվա հուլիսին եւ պետք է ավարտվի մինչեւ 2020 թվականի սկիզբը: Դրա աշխատանքներում պլանավորվում է ներգրավել բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մասնագետների:
«Այդպիսով՝ մենք տեխնոլոգիական առումով տեղ կզբաղեցնենք աշխարհի առաջատարների շարքում, այսօրինակ տեխնիկա եւ հնարավորություններ ունեն աշխարհի միայն մի քանի պետություններ»,-լրագրողներին հայտարարել է ռազմական հետախուզության փորձագետներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: