Իրանում ուղղաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել ATR-72 ինքնաթիռի կործանման վայրում
Փրկարարների խմբերը Իրանում աղետի ենթարկված Aseman Airlines ընկերության ATR-72 ինքնաթիռից զոհվածների մարմինների դուրսբերման ցամաքային գործողություն են պատրաստում, քանի որ ուղղաթիռների վայրէջքը կործանման վայրում հնարավոր չէ: Այդ մասին Fars գործակալությանը հայտարարել է արտակարգ իրավիճակների իրանական վարչության ներկայացուցիչ Մոջթաբա Հալիդին:
Փետրվարի 18-ի առավոտյան ATR-72 մարդատար ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Թեհրանից Յասուջ, կործանվել է Սպահանի նահանգում՝ Դենա լեռան շրջանում: Ինքնաթիռում գտնվում էր 60 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են:
Հալիդին հայտնել է, որ օդանավի բեկորները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտային զորամասեր) կողմից հայտնաբերվել են Դենայի դժվարամատչելի եւ առավել վտանգավոր լեռնալանջերից մեկում՝ ծովի մակերեւույթից շուրջ 4500 մետր բարձրության վրա գտվող Նուկուլ գյուղի շրջանում:
«Կործանման վայրում ուղղաթիռների վայրէջքը հնարավոր չէ,-նշել է նա:- Հարկ կլինի զոհվածների մարմինները լեռան ստորոտ իջեցնել գետնի վրայով, եւ այժմ ընթանում է այդ գործողության նախապատրաստումը»: Նրա խոսքով, ներկայում Սպահանի բժշկական գիտությունների համալսարանի փրկարարական ծառայությունների աշխատակիցները շտապօգնության հինգ մեքենաներով եւ այլ տեխնիկայով տեղավորված են Սիսեհթայի շրջանում:
Մինչդեռ, ինչպես հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիումար Հայդարին, զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները կարողացել են մոտենալ աղետի վայրին, սակայն առայժմ շարունակում են անմիջականորեն դեպի բեկորները տանող առավել հարմար երթուղիներ փնտրել:
«Եթե զոհերի մարմինները հայտնաբերվեն, մենք անհապաղ տարհանում կսկսենք: Մեր ցամաքային ուժերը հանդերձված են դրանց տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով,-նշել է նա:- Եթե պահանջվի, տարհանումը կանցկացնենք օդով, սակայն վատ եղանակը խոչընդոտում է ուղղաթիռների վայրէջքն այդ շրջանում»:
Փետրվարի 19-ի երեկոյան, ինչպես հայտնել է Իսլամական հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը, աղետի հանգամանքները, այդ թվում՝ օդանավի սեւ արկղերն ուսումնասիրելու համար Թեհրան է ժամանել ֆրանսիացի ավիացիոն մասնագետների պատվիրակությունը՝ երեք փորձագետ՝ օդային պատահարների հետաքննության հանձնաժողովից, եւ ATR ֆրանս-իտալական կոնցեռնի չորս ներկայացուցիչ: Իրան իր փորձագետներին ուղարկելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Pratt & Whitney Canada-ն, որն արտադրել է օդանավի շարժիչները, հաղորդել էՏԱՍՍ-ը: