Արման Սահակյանը ներկայացնում է՝ քանի «ողնաշար է ջարդել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ կառավարության ընդունելությունների տունը, որը նախատեսված է՝ որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր, գտնվում է մասնավորեցման ծրագրում:
Նա նշեց, որ այժմ ընթացքի մեջ է ընդունելությունների տունը լուծարելու մասին գործընթացը. նախապատրաստվում են համապատասխան նախագիծ ներկայացնել կառավարություն. «Դա չի նշանակում, որ, եթե ինչ-որ ընկերություն մասնավորեցման ծրագրի մեջ է, պետք է անպայման մասնավորեցվի: Կան ընկերություններ, որոնք 2001 թվականից մինչև այսօր մասնավորեցման ծրագրի մեջ են: Այս դեպքում գնալու են լուծարման ճանապարհով: Ավելին ասեմ, ընդունելությունների տունը բավականին թանկ հաճույք է պետության համար»:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վերջերս տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: «Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում: Իսկ էն պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռցնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,- ասել էր վարչապետը՝ դիմելով Ա. Սահակյանին:
Այսօր լրագրողներից մեկը Ա. Սահակյանից հետաքրքրվեց՝ քանի՞ ողնաշար ջարդեցիք: Ի պատասխան՝ Ա. Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ վարչապետն ուղիղ չի ասել ողնաշար ջարդելու հետ կապված: Մենք ֆինանսատնտեսական մոնիտորինգների ամբողջ կարգը փոխելու ենք, ինչը տանելու է նրան, որ այն մարդիկ, որոնք վատ վիճակ կստեղծեն, կվատացնեն այդ ընկերությունների ֆինանսական ցուցանիշները, կջարդվեն նաև իրենց ողնաշարները, բայց՝ ոչ ուղիղ իմաստով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: