
Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարի հրաձգության զոհերին

Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարում Գեորգի Պոբեդոնոսեցի եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը: «Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հոգեհանգստին, որպեսզի հրաժեշտ տա ողբերգության զոհերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Թաղման թափորին մասնակցել են Դաղստանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, զոհվածների եւ տուժածների հարազատներ, զինվորականներ, Ստավրոպոլի կազակներ, ինչպես նաեւ հարեւան տարածաշրջանների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ:
22-ամյա Խալի Խալիլովի կողմից ուղղափառ եկեղեցու վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է հինգ տարեց կին, չորսը հոսպիտալացվել են, հարձակվողն ինքը ոչնչացվել է: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդման՝ ահաբեկչական գործողությունը դիտվում է որպես վարկածներից մեկը: