Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է
Անշարժ գույքի շուկայում Հայաստանում 2017-ին գրանցվել է գների նվազում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
«Նախորդ տարի 2016-ի համեմատ բնակարանների միջին գինը Երևանում նվազել է 3.5 տոկոսով, իսկ մարզերում` 5 տոկոսով: Սակայն 2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ անշարժ գույքի գների որոշակի աճ է նկատվել»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ, մասնավորապես, Երևանում բնակարանների գները աճել են 1.2 տոկոսով:
Սարգսյանի խոսքով` բնակարանների գների նվազումն այդ ժամանակում կապված է եղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ: «Մենք զուգահեռներ ենք անցկացրել ԱԺ նախորդ ընտրությունների հետ, և այդ ժամանակահատվածում բնակարանների գները նույն ձևով նվազել էին: Ընտրությունների ժամանակ ժողովուրդն ինչ-որ չափով սպասման մեջ է լինում»,-նշեց Սարգսյանը:
Նախորդ տարի անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 186 585 գործարք, որը 2016- ի համեմատ աճել է 7.5 տոկոսով կամ 13 017 գործարքով: Կատարվել է օտարման 52 274 գործարք, որը 2016-ի համեմատ կրկին աճել է 11.8 տոկոսով: Իսկ 2017-ի 9 513 գործարքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 26. 4 տոկոսով: