
G-20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Օսակայում. NHK

G-20-ի գագաթնաժողովը 2019 թվականին կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում: Համապատասխան որոշումը, ինչպես փետրվարի 20-ին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը, ընդունվել է Ճապոնիայի կառավարության կողմից։
Նշվում է, որ ընտրությունն Օսակայի վրա է կանգնել համապատասխան ենթակառուցվածքի եւ այն հյուրանոցների թվի վերլուծությունից հետո, որոնք կարող են տեղավորել այլ պետություններից ժամանած բարձրաստիճան հյուրերին:
Գագաթնաժողովի անցկացման ստույգ ամսաթիվն առայժմ որոշված չէ. հեռուստաալիքի տվյալներով՝ գագաթնաժողովը կկայանա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին: Միեւնույն ժամանակ G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման անցկացման համար դիտարկվում է երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Ֆուկուոկա քաղաքը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: