Բաժիններ՝

Իսրայելի ոստիկանությունը Նաթանյահուի երկու զինակիցների է ձերբակալել կոռուպցիայի կասկածանքով

Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն երկու մերձավոր զինակիցների անունները, որոնք ընդգրկուն հետաքննության շրջանակներում ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով:

Այդ մասին հայտնել է Associated Press-ը (AP): Ոստիկանությունը նշել է Իսրայելի կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերի եւ Նաթանյահուի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեֆեթցի անունները: Նրանք կասկածվում են կոռուպցիոն սխեմային մասնակցության մեջ, որի նպատակը եղել է Իսրայելի վարչապետի գործունեության դրական լուսաբանումը ԶԼՄ-ներում:

AP-ի տվյալներով՝ կոնկրետ այս գործով ոստիկանությունը դեռեւս չի նշել իր՝ Նաթանյահուի անունը, բայց սպասվում է, որ վարչապետը կհարցաքննվի: Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը պահանջել է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:

Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս