ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունները համատեղ հակաահաբեկչական վարժանքեր են անցկացնելու
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները 2018 թվականին համատեղ հակաահաբեկչական վարժանքեր կանցկացնեն Համագործակցության վեց երկրների տարածքում:
Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, որը ելույթ է ունեցել ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 11-րդ խորհրդակցության ընթացքում:
«Ընթացիկ տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին վարժանքներ են տեղի ունենալու վեց պետությունների տարածքում: Դրանք կանցկացվեն երկու փուլով: Վարժանքների եզրափակիչ փուլի հիմնական մասը կընթանա Ղրղզստանի տարածքում: Մենք արդեն երկրորդ տարին է՝ մշակում ենք այսպես կոչված ռազմաոստիկանական գործողություններ, որոնք լուրջ միջազգային վահան կդառնան այն սպառնալիքների համար, որոնք կարող են նպաստել իրադրության սրմանը Կենտրոնական Ասիայում»,-ասել է Նովիկովը:
Նա նշել է, որ ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների միջեւ հաստատվել են պրոֆեսիոնալ հարաբերություններ: «Դա մեկ անգամ եւս ընդգծում է այն, որ մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավեր ու սպառնալիք, գործել փոխհամաձայնեցված, ինչպես նաեւ միմյանց օգնություն ու աջակցություն ցուցաբերել ցանկացած կրիտիկական իրավիճակում»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: