«Սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է». Դավիթ Հարությունյան

Որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով մասնագետների այն կարծիքին, որ Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ:

Մասնավորապես, կան կարծիքներ, որ Հայաստանի 4-րդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ քաղաքացիների կողմից:

«Անգամ ամենավառ երևակայության դեպքում ես դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125-րդ հոդվածն այս ձևով սահմանափակում  է՝ իրականացնել հանրապետության նախագահի ընտրություն Ազգային ժողովում: Խնդրում եմ՝ խնդրին նայեք փոքր-ինչ ավելի պարզ՝ չխաբնվելով բարդ իրավական, խուճուճ ձևակերպումներին, որտեղ ամեն 4-րդ բառը հանցագործ է կամ նմանատիպ այլ ածականներ: 125-րդ հոդվածը, այո՛, ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից: Անցումային դրույթներում նպատակ կար, որպեսզի հանրապետության նախագահն ընտրվի Ազգային ժողովի կողմից, բայց ոչ ամբողջովին 125-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:

Ինչո՞ւ: Կարող եմ դա էլ բացատրել, բայց նպատակն այն էր, որ ոչ թե ուղղակի 125-րդ հոդվածով նախատեսված մեխանիզմով կայանար, այլ՝ փոքր-ինչ այլ: Եվ անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝ 125-րդ հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125-րդ հոդվածը:

Իրավունքում «incorporation by reference» հասկացություն կա (քանի որ հայերենում իրավական տերմինաբանությունը դեռ շատ մշակված չէ), երբ հղում ես կատարում մեկ այլ հոդվածի: Դրանով մենք կյանք ենք տվել 125-րդ հոդվածի փոփոխված տարբերակին՝ 211-րդ հոդվածով: Սա շատ պարզ է: Նայեք այդ աչքերով, առանց մտնելու խուճուճ իրավական ձևակերպումների մեջ, և դուք կտեսնեք, որ ամեն ինչ շատ պարզ է, և որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Սահամանադրության 125-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Այս հոդվածը ներառված է Սահմանադրության 5-րդ գլխում: 209-րդ  հոդվածն իր հերթին՝ սահմանում է, որ այս և մի շարք այլ գլուխներ «ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»:

Սահմանադրության 211-րդ հոդվածն իր հերթին՝ սահմանում է. «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն»:

Տեսանյութեր

Լրահոս