
Ռոջեր Դիքինսը ԱՄՆ-ի Կինոօպերատորների գիլդիայի մրցանակ է ստացել

Բրիտանացի Ռոջեր Դիքինսը ԱՄՆ-ի Կինոօպերատորների գիլդիայի մրցանակով է պարգեւատրվել ռեժիսոր Դենի Վիլնյովի «Ածելու վրայով վազողը 2049» ֆիլմում կատարած աշխատանքի համա։ Պարգեւների հանձնման արարողությունը կայացել է Լոս Անջելեսում: 68-ամյա Դիքինսը Գիլդիայի պարգեւին է արժանացել արդեն հինգերորդ անգամ:
Անկախ եւ փառատոնային ֆիլմերի օպերատորներին հանձնվող հատուկ պարգեւի դափնեկիր է դարձել Մարտ Տանիելը «Նոյեմբեր» էստոնական կինոնկարում կատարած իր աշխատանքի համար: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի Կինոօպերատորների գիլդիայի մրցանակը ոչ միշտ է այն բանի ճշգրիտ ցուցիչը, որ իր դափնեկիրը «Օսկար» կստանա համանման անվանակարգում:
Գիլդիայի մրցանակի գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում նրա միայն 13 դափնեկիրներն են նույն տարում «Օսկար» ստացել Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում: Մինչդեռ Դիքինսը «Օսկարի» մրցանակաբաշխություններում անհաջողության ռեկորդակիրներից մեկն է:
Նա ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի կողմից հանձնվող պարգեւին ընդհանուր առմամբ անվանակարգվել է 13 անգամ, բայց ոչ մի անգամ այն չի ստացել: 2018 թվականին նա հերթական անգամ առաջադրվել է «Օսկարի», եւ փորձագետները կանխագուշակում են, որ այս անգամ նա, այնուամենայնիվ, կստանա արձանիկը՝ թեկուզեւ 14-րդ փորձից:
Դիքինսը օպերատոր է եղել այնպիսի ֆիլմերի նկարահանումներում, ինչպիսիք են՝ «Փախուստ Շոուշենքից», «Ծերերն այստեղ տեղ չունեն», «007. «Սքայֆոլի» կոորդինատները» կինոնկարները: Բոլոր այս ֆիլմերի համար նա անվանակարգվել է «Օսկարի»: ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան մարտի 4-ին «Օսկարներ» կհանձնի 90-րդ անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: