
Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին

Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը:
«Գերմանիայի կառավարությունը բոլոր ճանապարհներով շարունակում է աշխատանքը քաղաքական դրդապատճառներով կալանքի տակ մնացող գերմանացիների ազատ արձակման համար»,- հայտարարել է Զայբերտը:
Թուրքիան օրերս ազատ էր արձակել այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Նրա ազատ արձակմամբ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի: