
«Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում». ինչ եղանակ է սպասվում Հայաստանում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

«Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա, հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։
Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: