Ճարտարապետները նամակ են ուղարկել Կարեն Կարապետյանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018–2022 թվականների մաստեր պլանը հանրային քննարկման է ներկայացվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այն հրապարակել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել: Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով և կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ:

Ըստ պլանի՝ ուղևորահոսքի կանխատեսվող աճի և նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի և օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Կքանդվի նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը:

Նշենք, որ զուգահեռ նախատեսվող աշխատանքների՝ ճարտարապետներն ավելի քան երկու տարի մասնաշենքի ամբողջական պահպանմանն ուղված քայլեր էին ձեռնարկում: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Փաստ»–ի հետ զրույցում ավելի վաղ ներկայացված մաստեր պլանի վերաբերյալ իր դիրքորոշումն էր հայտնել ու նշել, որ ճարտարապետները պետք է քննարկում անցկացնեն՝ հասկանալու իրենց անելիքները «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման ուղղությամբ:

Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ քննարկում եղե՞լ է արդյոք, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:

«Մենք քննարկել ենք և, ինչպես միշտ, եկել ենք այն եզրահանգման, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը պետք է պահպանվի: Կոնցեսիոներն անընդհատ բերում է իր նախագիծը և որպես նախապայման դնում է այն հանգամանքը, որ մասնաշենքն անպայման պետք է քանդվի: Իսկ մենք խնդրում ենք, որ էդուարդո Էռնեկյանը («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատկանում է Է. Էռնեկյանին.- խմբ.) և իր նախագծային խումբը առանց որևէ նախապայմանի մեզ հետ քննարկման մասնակցեն՝ առաջնահերթությունը դնելով «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի պահպանման խնդրի, ինչպես նաև մնացած բոլոր խնդիրների վրա»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Մկրտիչ Մինասյանը հայտնեց, որ Հայաստանի ճարտարապետների միությունը հարցի առնչությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին նամակ է հղել: «Նամակում մասնավորապես խնդրել ենք հարցն այնպես դիտարկել, որ մենք կարողանանք պահել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը»,- ընդգծեց ճարտարապետը՝ հավելելով, որ առայժմ որևէ պատասխան չեն ստացել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս